Հնդիկներին նախանձում եմ՝ այնքան շատ են նրանց աստվածները: Հատկապես Շիվայի համար, որ տիեզերական գիտակցությունն է մարմնավորում ու տղամարդկային անշարժ սկիզբը՝ ի տարբերություն կանացի շարժուն սկզբի: Շիվան և արարիչ է, և կործանիչ: Բացի չորս ձեռքից՝ երրորդ աչք ունի: Նոր արարչության համար տարածք է ստեղծում: Սանսկրիտի տերն է, դարմանում է ու ազատում մահից, նրա շքախմբում ոգիներն ու չարքերն են, որ ուղեկցում են նրան՝ իր կամքով ու կատարում իր կամքը: ՈՒրիշ ի՞նչ է պետք: Տիեզերական գիտակցություն, տղամարդ ու կին, սկիզբ ու վերջ, երրորդ աչք, արարչության տարածք, ապաքինում ու ազատում մահից, կամքդ էլ կատարում են՝ երբ ուզես: Շիվան հրաշալի է պարելիս, որ խորհրդանշում է հավերժական շարժումը: Այսինքն՝ կյանքն ու մահը միաժամանակ: Այսինքն՝ հավերժությունը: Այսինքն՝ մեզ մեր ժամանակի մեջ:
Ի՞նչ ենք անում մենք, որ ունենք երկու աչք, երկու ձեռք, տիեզերական գիտակցությունից անսահման հեռու ենք: Տարբեր ենք, բայց ամեն մեկիս մեջ մի քիչ Շիվա կա:
Սկսենք Ֆրանսիայից: Կիրակի օրը նախագահ էին ընտրում: 11 թեկնածուներից: Նախընտրեցին երկուսին՝ Մարին լը Պենին ու Էմանուել Մակրոնին: Մակրոնն առաջին փուլում Մարին լը Պենից առաջ անցավ 2 %-ով, որ նշանակում է 700 հազար ձայն: Հաղթելու համար Մարին լը Պենին պետք է տարբերությունը փակել կամ նախկին թեկնածուների, կամ չքվեարկածների ձայներով: Մակրոնի հաղթանակը պետք է ԵՄ-ին. եթե Մարին լը Պենը մտնի Ելիսեյան պալատ, սկսելու է ֆրեկզիտ: Նույնիսկ եթե նա չունի մեծամասնություն խորհրդարանում, որ ընդունի ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու որոշումը, կարող է արգելակել աշխատանքը Եվրոպայում ու խորտակել եվրոն: Կարո՞ղ է Մարին լը Պենը, որ առաջին փուլում հավաքել է 21,5 %՝ Մակրոնի 23,8 %-ի դեմ, հաղթել մայիսի 7-ին՝ երկրորդ փուլում: Կարո՞ղ է երրորդ քաղաքական երկրաշարժն անել Արևմուտքում՝ 2016-ի հունիսին բրեկզիտից ու 2016-ի նոյեմբերին Թրամփի հաղթանակից հետո: Ֆրանսիացիներն անկանխատեսելի են, նրանք Մուկուչյան չունեն, նրանց հանրապետական կուսակցության թեկնածու, նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին պրայմերիզի առաջին փուլից դուրս մնաց, իսկ ընտրությունների հասած Ֆրանսուա Ֆիյոնը պարտվեց: Կիրակի օրը Փարիզում Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեց՝ Կոմիտասի արձանի մոտ ծաղկեպսակ դնելով, և կարճ ճեպազրույցում ասաց, որ ջանալու է համախմբել բոլոր ֆրանսիացիներին ու հաղթանակի դեպքում Հայոց ցեղասպանությունը ֆրանսիացիների օրացույցի մեջ դարձնել հիշատակի օր, ժխտողականությունը մերժող օրինագիծն էլ նորից օրակարգ բերելը չմոռացավ: Արցախին էլ անդրադարձավ՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ապագա նախագահ ու ասաց, որ հարցի լուծման համար հնարավորը կանի: Թեկնածուներն այդպիսին են, նախագահները՝ ուրիշ: Թրամփը՝ վկա:
Թրամփից ի՞նչ կա: Գենոցիդ չասաց: Ասաց՝ «Այսօր մենք հիշում և հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր տառապել են Մեծ եղեռնի՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագությունների ժամանակ»: Սպիտակ տան մամլո քարտուղար Շոն Սփայսերը մեկնեց. «Նախորդ վարչակազմերն օգտագործել են նույն ձևակերպումները։ Եթե ուսումնասիրեք նախագահներ Օբամայի ու Բուշի, նրանց նախորդների ուղերձները, կտեսնեք, որ նախագահ Թրամփը այդ հարցում հետևողական է եղել»: Փաստորեն՝ ԱՄՆ նախագահը ոչ միայն հետևողական, այլև պահպանողական է: Խիստ պահպանողական՝ պահպանում է ԱՄՆ-ի գերտերության կարգավիճակը՝ կրակում է անկանոն ու մնում անկանխատեսելի: Կառավարվող քաոսի նոր տարբերակ՝ անկառավարելի, բայց քաոսային: Ինչո՞վ Շիվա չէ:
Էրդողանը հայերին ուղերձ հղեց: Ավելի ճիշտ՝ ապրիլի 24-ին ուղերձ հղեց Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և Թուրքիայի հայ համայնքին:
Ասաց՝ հարգանքով հիշել է «1-ին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում կյանքը զոհած օսմանցի հայերին» և ցավակցեց ժառանգներին։ Սա առաջին սուտն էր՝ հայերը չեն իրենց կյանքը զոհել, թուրքերն են սպանել: Երկրորդ սուտը՝ «հայերը և թուրքերը, որպես տարածաշրջանի 2 հին ժողովուրդներ, 1000 տարի ապրել են կողք կողքի և ուս ուսի՝ կիսելով նույն պատմությունն ու մշակույթը»։ Հայերը հազարավոր տարիներ ապրել են իրենց հայրենիքում, երբ թուրքեր գոյություն չունեին, ու պատմական այդ սուտը երբեք ճշմարտություն չի դառնա: Էրդողանը հիշեց Թուրքիայի զարգացման գործում հայերի ավանդը. «Հայ համայնքը, ինչպես Օսմանյան կայսրության, այնպես էլ Թուրքիայի Հանրապետության գրեթե 100-ամյա պատմության ընթացքում արժանի զավակներ դաստիարակելով, մեծ ներդրում է ունեցել մեր երկրի զարգացման գործում։ Ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում հայերը, որպես մեր երկրի հավասար և ազատ քաղաքացիներ, սոցիալական, քաղաքական և առևտրատնտեսական կյանքի բոլոր ոլորտներում կարևոր դերակատարում ունեն»` երրորդ սուտը՝ ցեղասպանությունից հետո թուրքերը յուրացրին հայերի ունեցվածքը ու իրենց պետությունը կառուցեցին հայերից խլվածի վրա, բայց դա ստի մի կեսն է, մյուս կեսը, որ հայերը երկրի հավասար ու ազատ քաղաքացիներ են: Չորրորդ սուտը՝ իր նպատակն է, որ «դարեր շարունակ միմյանց հետ ուրախություն և տխրություն կիսած երկու ժողովուրդները դարման անեն իրենց անցյալի վերքերին և ավելի ուժեղացնեն մարդասիրական կապերը, և այդ ուղղությամբ վերջին 14 տարիներին մի շարք քայլեր են արվել և իրականացվել պատմական կարևորության բարեփոխումներ»։
Էրդողանը վստահեցրել է, որ «օսմանցի հայերի հիշատակին և հայկական մշակութային ժառանգությանը տեր կանգնելուն միտված աշխատանքները շարունակվելու են ապագայում ևս»։ Հինգերորդ սուտը՝ «Մեր երկրում հայ համայնքի խաղաղությունը, անվտանգությունը և երջանկությունը մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունեն։ Մենք չենք հանդուրժի մեր հայ քաղաքացիներից որևէ մեկի օտարացումը, մեկուսացումը կամ խորթ քաղաքացի լինելու զգացողությունը»: Վերջապես՝ վեցերորդ սուտը՝ «Ցանկանում եմ, որ Թուրքիայի հայոց պատրիարքի ընտրությունները կարճ ժամանակում ավարտին հասցվեն»։ Իսկ յոթերորդ սուտը՝ 20-րդ դարասկզբին իրենց կյանքը զոհած օսմանցի հայերին հիշելիս Էրդողանը ալլահին խնդրել է, որ խաղաղություն պարգևի նրանց հոգիներին։ Փաստորեն՝ Թուրքիայի նախագահը ստում է ոչ միայն իր ժողովրդին, այլև ալլահին: Հետո Էրդողանը բողոքեց Թրամփի ուղերձից ու Երևանում վառված Թուրքիայի դրոշներից: Բողոքեց նաև ԵԽԽՎ-ից, որ որոշեց վերականգնել մոնիտորինգը Թուրքիայում: ԱԺ պատվիրակությունը նստաշրջանից նստաշրջան հարցը բարձրացնում էր, թուրք-ադրբեջանական լոբբին՝ կասեցնում, իսկ հիմա Պեդրո Ագրամունդի նախագահ մնալու հարցն են քննարկում, այսօր նա պիտի հայտարարի որոշումը: Ոմանք հավատում են հրաժարականին, ոմանք՝ կասկածում: Շարժվե՞ց Եվրոպան իր տեղից: Հազիվ թե: Շիվան պարում է, բայց հայտնի չէ՝ որ սկիզբն է գործում:
Երևանը պատրաստվում է ավագանի ընտրել երեք ուժերից՝ ՀՀԿ, «Ելք», «Երկիր ծիրանի»: Ընտրարշավը սկսված է, ավարտը՝ մայիսի 14-ին: Փաստացի՝ սխեման նույնն է, ինչ խորհրդարանական ընտրություններում: Հայկական Գելափն արդեն տարածել է ընտրությունների արդյունքները, որոնց հետ միայն ՀՀԿ-ն կարող է համաձայնել: Իսկ մինչ այդ Տարոն Մարգարյանը հայտարարում է, որ ամեն ինչ արել է քաղաքի համար ու պատրաստ է ամեն ինչ անել, Նիկոլ Փաշինյանը շրջում է Երևանով ու հայտարարում, որ ելք կա՝ դիմադրելով ավտոտնակների տանիքներ բարձրանալու գայթակղությանը, Զարուհի Փոստանջյանը շրջում է երթուղայիններով ու ինքն իրեն ապացուցում, որ դա կյանքի համար վտանգավոր զբաղմունք է: Երևանցիները նայում են ներկայացումը ու սպասում վերջին արարին: Տիեզերական գիտակցությանը Երևանը չի միանում՝ Շիվային չեն ճանաչում, ալեհավաքներն էլ թույլ են ու հին:
Սահմանադրական դատարանն ապրիլի 25-ից քննարկում է խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու ՀԱԿ-ի բողոքը: Գագիկ Հարությունյանը հաստատ գիտի՝ ով է Շիվան, բայց վստահ է, որ հնդիկ աստվածը հնդիկներինն է ու հայերին ասելիք չունի: Կյանքում նա մեկ անգամ սխրանքի նման քայլ արեց՝ 2003-ին ՍԴ-ն որոշում կայացրեց նախագահական ընտրություններից մեկ տարի անց վստահության հանրաքվե անցկացնել: Բոլորն էլ գիտեին՝ բլեֆ է, բայց լիցքաթափիչ բլեֆ էր: Հետագա 14 տարիներին ՍԴ-ն անգամ բլեֆի չի դիմել: Փոխարենը բացարձակ բլեֆի մեջ է ՀԱԿ-ը: ՍԴ-ում Լևոն Զուրաբյանը հայտարարեց. «Մենք այն քաղաքական ուժն ենք, որ միշտ ասել ենք, թե անթույլատրելի ենք համարում զինված հարձակում, ապստամբություն և այդ տեսակետին ենք նաև այսօր: Բայց եթե այս համակարգային խախտումները, այս ընտրակարգը շարունակվի, վստահ եղեք, որ ինչ-որ մեկի հորդորները չեն կարող ժողովրդին կանգնեցնել նման ակտերից, եթե նրանք չեն տեսնում ընտրություններով իշխանությունը փոխելու որևէ տարբերակ»: Իսկ ո՞վ էր բացառում հեղափոխությունն ընդհանրապես, ո՞վ էր անդառնալի համարում ԵԱՏՄ-ին անդամակցությունը, ո՞վ էր երկխոսում իշխանության հետ՝ տարբեր ձևաչափերով, ո՞վ էր խորհրդարանում իշխանության հետ Ընտրական օրենսգրքի շուրջ «պատմական համաձայնություն» կնքում: Ո՞վ էր հայտարարում, որ այդ օրենսգրքով իշխանափոխությունը հնարավոր է, ո՞վ էր ասում, որ 70 %-ով փակել են ընտրակեղծիքների ճանապարհը: Իրականում ՀԱԿ-ը ոչ թե ՍԴ պիտի դիմեր, այլ ՌԴ, ու հարցներ՝ «Ինչո՞ւ, Բրուտոս»:
Ընդունեք, որ միամտությունը արդարացում չէ՝ նույնիսկ ԸՕ-ի շուրջ: Եվ հազիվ թե անվճար միամտություն էր ՀՀԿ-ին հերոս մնալու շանս տալը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռուստաէկրանից քարոզում էր այն, ինչ Սերժ Սարգսյանը վաղուց պատրաստ էր անել: ՈՒ հիմա հաստատ ՀԱԿ-ը չէ այն «ինչ-որ մեկը», ում հորդորները ժողովրդին կարող են կանգնեցնել կամ չկանգնեցնել: Ոչ միայն հիմա՝ վաղուց: Եթե գնդապետ Աուրելիանո Բուենդիայի պես ինչ-որ մեկը պետք է կանգնի գնդակահարության պատի տակ՝ միայն ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու այլ գործող անձինք չեն, նաև ՀԱԿ-ն է, ավելի շատ ու ավելի շուտ ՀԱԿ-ը, որ հանճարեղ փոշիացրեց 2008-ի ֆանտաստիկ ռեսուրսը՝ ոչ առանց ՌԴ-ի աջակցության: Սա էլ Շիվա կործանիչը:
«Հաջորդ դասը» Գագիկ Ծառուկյանին գտավ Ծիծեռնակաբերդում, հենց այնտեղ նա լրագրողներին ասաց. «Եթե կոալիցիա չենք, ինքնըստինքյան ընդդիմադիր ենք դառնում»: «Ինքնըստինքյանը» նրա պարագայում նշանակում է իշխանական: Նա երբեք՝ անգամ «համաժողովրդականի» օրերին, չի ասել՝ ԲՀԿ-ն ընդդիմություն է, իսկ նրանք, ովքեր ասել են, այսօր նրա նեղ շրջապատում չեն: «Ինքնըստինքյան» ընդդիմությունը հայոց քաղաքագիտական բառարանում նոր եզրույթ է, որ փոխարինում է պատմական «այլընտրանքին»: Կատարյալ չէր ԱԺ հին Կանոնակարգը, նորն էլ կատարյալ չէ՝ չի նախատեսում կարգավիճակ, որ արտահայտի ԱԺ երկրորդ ուժի բուն առաքելությունը: Օլիգարխը չի կարող ընդդիմադիր լինել Հայաստանում, կամ/կամ է՝ օլիգարխ ես, իշխանության մեջ ես, ընդդիմադիր ես, իշխանության հետ չես: 15 միլիարդը մոռացեք՝ շեյխերը փոշմանել են: Իսկ կոալիցիա կա ու կլինի՝ ինչպես նույն Ծիծեռնակաբերդում, տեղի տալով լրագրողների օրվան չպատշաճող հարցերին, պարզաբանեց Արծվիկ Մինասյանը, կոալիցիան կլինի երկանդամ՝ ՀՀԿ-ՀՅԴ: Փաստացի՝ բերմուդյան եռանկյունի է ԱԺ-ում ստեղծվում՝ իշխանությունը՝ ՀՀԿ-ՀՅԴ, ընդդիմությունը՝ «Ելք», «ինքնըստինքյանը» ԲՀԿ: Շիվան զվարճանում է և զվարճացնում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Չե՞ք հավատում Շիվային, մի էլ հավատացեք, իսկ նա պարում է, ու երրորդ աչքը միշտ բաց է: Տիեզերական գիտակցությունն էլ գործում է՝ ուզում ենք, թե չենք ուզում, հասկանում ենք, թե չենք հասկանում, համաձայն ենք, թե դիմադրում ենք: Մինչ մենք խաղեր ենք խաղում, հավերժական շարժումը մեզ տանում է այնտեղ, որտեղ յուրաքանչյուրը մենակ է անցնում իր Գողգոթան: